National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.01.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել են հարկային ոլորտին, տնտեսական մրցակցության պաշտպանությանը, արտոնագրերին առնչվող նախագծեր եւ միջազգային համաձայնագրեր
1 / 9

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունվարի 13-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Արտոնագրերի մասին» եւ կից նախագծերի փաթեթը: 13 գլխից եւ 86 հոդվածից բաղկացած օրինագծով փորձ է արվում կարգավորել գյուտերի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական` ոչ գույքային հարաբերությունները: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հավաստմամբ՝ կստեղծվի Պետական լիազոր մարմին, որն ընդունում եւ քննարկում է գյուտերի հայտերը, անցկացնում է դրանց փորձաքննությունը, հրապարակում է հայտերը եւ դրանց հիման վրա տրված արտոնագրերը, իրականացնում է գյուտերի պետական գրանցումը, պետության անունից հանձնում է արտոնագրերը: Պետական լիազոր մարմինն ընդունում է իրավական ակտեր, որոնք վերաբերում են գյուտերի նկատմամբ իրավունքների ձեռքբերմանը (իրավունքների փոխանցման եւ լիցենզային պայմանագրերով), գրանցամատյանների վարմանը եւ պահպանմանը, տեղեկությունների հրապարակմանն ու փոխանակմանը, հայտի նյութերի հետ ծանոթացմանը եւ դրանց պատճենների տրամադրմանը, ինչպես նաեւ արտոնագրային հավատարմատարների որակավորման քննությունների անցկացմանն ու գրանցմանը: Պետական լիազոր մարմինն ունի նաեւ բողոքարկման խորհուրդ, որը կազմված է նախագահից եւ ութ անդամից, որոնք խորհրդում իրենց աշխատանքը համատեղում են զբաղեցրած հանրային ծառայության պաշտոնների հետ:

Նշվել է, նաեւ, որ նախագծերի ընդունումը կապահովի ոլորտում առկա խնդիրների լուծումը, ինչը հնարավորություն կտա հուսալի եւ արդյունավետ կարգավորել գյուտերի եւ արդյուանբերական դիզայնների հետ կապված հարաբերությունները:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են Կառավարության ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որի ընդունումն, ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի,  պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության նպատակով անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար ապրանքների ներմուծման պարագայում` ընկերությունների ֆինանսական բեռի թեթեւացման անհրաժեշտությամբ: Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ  նախագծում ներկայացված ցանկում ապրանքների ընդգրկումը կատարվել է հիմք ընդունելով արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծվող եւ բացառապես արտադրանք թողարկելու համար անհրաժշտ սարքավորումներն ու հումք-նյութերը:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում հստակեցնել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը, սահմանել պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ծանուցման եղանակը, ինչպես նաեւ սահմանել կանոնակարգումներ, որոնք նախատեսում են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու անհնարինության կամ հարկ վճարողի կողմից նշված էջ մուտք չգործելու դեպքերում վերջիններիս ծանուցման, նաեւ հարկ վճարողի հաշվառման համար չունեցող հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցելու հետ կապված հարաբերությունները:

Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով, ըստ հիմնական զեկուցող ՀՀ ՊԵԿ նախագահի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային  համակարգում կներդրվի ՎԻՎ վարույթների իրականացման մեխանիզմը: Փաստաթղթերը պետք է ընդունվեն եւ իրավախախտման սուբյեկտին ծանուցվեն էլեկտրոնային եղանակով, որն իրականացվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով, իսկ դրա անհնարինության կամ տեղադրելու օրվանից հետո 5 աշխատանքային օրյա ժամկետում հարկ վճարողի կողմից նշված անձնական էջ մուտք չգործելու դեպքերում՝ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, ինչի մասին հարկ վճարողը ծանուցվում է հարկային մարմնում առկա իր էլեկտրոնային փոստին:  Միաժամանակ նախատեսվել է, որ փաստաթղթերը, ծանուցագրերը եւ վարչական ակտերն ուժի մեջ են մտնում հարկ վճարողի կողմից նշված փաստաթղթերին պատշաճ ծանուցվելու հաջորդ օրը:

Հանձնաժողովականները քննարկել են նաեւ ««2006թ. նոյեմբերի 6-ի` Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի եւ դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքվածե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Աշոտ Մուրադյանը նշել է, որ Ղազախստանի Հանրապետության հետ կնքված վերոնշյալ համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջեւ հարկային դաշտի մեխանիզմների դյուրացմանը, կստեղծի իրավական բարենպաստ պայմաններ կողմերի համապատասխան սուբյեկտների տնտեսական գործունեության ազատության համար, հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջեւ ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաեւ կխթանի ԵԱՏՄ շրջանակներում տվյալ բնագավառին առնչվող համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Քննարկվել է նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասինե համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի՝ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման կողմերի  հետաքրքրվածությամբ: Նշվել է, որ  նախապես համաձայնեցված անվանացանկով եւ չափաքանակներով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումը ազատվում է մաքսատուրքի գանձումից: Փոխնախարարի հավաստմամբ՝ համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությանը, առեւտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը, որի նպատակն է  պաշտպանել եւ խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը: Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի՝ օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների, ինչպես նաեւ պետական մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունների, վարքագծի կամ ակտերի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, ինչպես նաեւ վնասել սպառողների շահերը:

Նշվել է, որ օրենքի նախագծով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված այն գործարքները, նրանց բանավոր կամ գրավոր այն համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

Մշտական հանձնաժողովի նախագահը շրջանառությունից հանել է հեղինակած նույնանուն օրենսդրական փաթեթը, քանի որ, ըստ նրա իր կողմից բարձրացված խնդիրները լուծում են գտել Կառավարաության օրենսդրական նախաձեռնության մեջ:

Քննարկված նախագծերն ու միջազգային համաձայնագրերը ստացել են դրական եզրակացություն ընդգրկվելու ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորրդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովականները քննարկել եւ դրական եզրակացություն են տվել երկրորդ ընթերցման ներկայացված մի շարք օրինագծերի: ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը հեղինակած «Ներդրումային ծրագրերի պետական աջակցության (մեկ պատուհանի) մասին» օրենքի նախագիծն ու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» երկրորդ ընթերցմամբ օրինագիծը հանել է շրջանառությունից:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am